Հոգեբանությունը հասարակագիտության բաղկացուցիչ մաս

Ավագ դպրոցում հասարակագիտության առարկայի ուսումնասիրության բաղկացուցիչ մաս է հոգեբանությունը: Ավագ դպրոցի հասարակագիտության և պատմության դասավանդող՝ Արմեն Ոսկանյանի առաջարկով,հոգեբանության ուսումնասիրվող թեմաները անցկացվեցին իմ կողմից: Դասավանդման այս համատեղ ձևը նորություն էր թե՛ ինձ համար, թե՛ Արմեն Ոսկանյանի, ուստի որոշեցինք իրականացնել երկու դասարանների հետ: Դասընթացը տևեց փետրվար-մարտ ամիսներին՝ 10-2 և 10-5 դասարաններում

Արմեն Ոսկանյանի հետ մշակեցինք նախագիծը, որոշեցինք, թե ինչ թեմաներ կքննարկվեն սովորողների հետ: Հոգեբանական ոլորտը մեծ տարածում ունի մեր օրերում, այդ թվում նաև ավագ դպրոցականների: Լինելով լայն ու խորը գիտություն, այն անվերջ ուսումնասիրություն է պահանջում, այդ պատճառով թեմաները ընտրվեցին այնպես, որպեսզի սովորողները ընդհանուր պատկերացում ունենան հոգեբանության գիտության և անձի հոգեկանի մասին: Որպես հեղինակային մանկավարժությունը ներկայացնող բաղադրիչ, սովորողների հետ քննարկեցինք նաև կրթահամալիրում հոգեբանի աշխատանքի մասին, որպեսզի նրանց պատկերացումներն ավելի ընդլայնվեն, իրենք էլ գիտակցեն ուսումնական գործունեության մեջ հոգեբանի դերի և կարևորության մասին

Ինձ համար սովորողներին նոր նյութ փոխանցելը մեծ պատասխանատվություն է, ուստի քննարկվելիք թեմաները փորձում էի հնարավորինս մատչելի և ավելի շատ առօրյա օրինակներով ներկայացնել, որպեսզի դրանք ավելի տպավորիչ և հասկանալի լինեն: Երբեմն քննարկումների ժամանակ տերմինների էինք հանդիպում, որոնք ևս բացատրության կարիք էին ունենում:

Հանդիպումների ավարտին սովորողների հետ ամփոփիչ քննարկում ունեցանք ստացած նոր գիտելիքների, հանդիպած թերությունների և առաջարկների մասին: Արդյունքում ստացանք հետևյալը.

  • Ստացան գիտելիքներ, որոնք կկիրառեն կյանքում
  • Իրենց արդեն ծանոթ թեմաները ուսումնասիրեցին այլ տեսանկյունից
  • Ինքնաճանաչման նոր ճանապարհ բացահայտեցին (օրինակ, երբ թեստի միջոցով բացահայտեցին իրենց խառնվածքի տիպը)

Սովորողների հետ նաև քննարկեցինք, թե ինչ կցանկանային լիներ դասընթացի ընթացքում և առանձնացրեցինք, որ նախընտրում են ավելի շատ թեստային աշխատանքներ, քան քննարկումներ:

Կարևոր եմ համարում նաև այն փաստը, որ դասընթացից հետո սովորողների մոտ փոխվեց հոգեբանության մասին պատկերացումն ու վերաբերմունքը: Նրանք հասկացան, որ այն ինչ-որ թեթև կամ դատարկ գիտություն չէ, այլ լուրջ և խորը ուսումնասիրություն պահանջող գիտություն:

Оставьте комментарий