Բարև, ես եմ

Բարև հարգելի ընթերցող

Ես Սուսաննան եմ, մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ: Աշխատում եմ կրթահամալիրում իմ սիրելի մասնագիտությամբ: Բայց նախքան մասնագիտացումը եղել եմ Սեբաստացի: Ո՛չ, դա համայնքի մասին չէ, այլ այն վայրի, որտեղ ես կրթվել եմ, շփվել տարբեր մարդկանց հետ, ընկերներ ձեռք բերել, սիրել եմ ու ինձ լավ եմ զգացել, մեծացել եմ ու, ինչու չէ, նաև դաստիարակվել: Ասում են դպրոցը երկրորդ տունն է, և որքան էլ դա թևավոր խոսք է դարձել, բայց դա այդպես է: Վստահ եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր սաները կհաստատեն դա, քանի որ այն մթնոլորտը, այն ազատությունն ու հանգստությունը, որ տիրում է կրթահամալիրում, իսկապես հարազատ հույզեր է արթնացնում: Հենց այդ ամենի շնորհիվ է, որ կարողացել եմ իմ էությանը համապատասխան մասնագիտություն ընտրեմ, քանի որ հնարավորություն եմ ունեցել տարբեր մասնագիտական ոլորտներում ինձ փորձեմ: Կրթահամալիրում ունեցել եմ լրագրողի, ֆոտոլրագրողի գործունեություն, բայց այդ ամենին հակառակ տասներորդ դասարանում որոշեցի, որ հոգեբան եմ դառնալու ու որոշումս հաստատուն մնաց: Ընդունվեցի համալսարան ու երազանքս իրականացավ… Ամեն տարի կուրսից կուրս տեղափոխվելիս ուրախություն էի զգում ու համոզվում, որ մասնագիտության ընտրությունս զուր չէ:

Կրթության ընթացքում սովորեցի կրթության առանձնահատուկ կարիքն ունեցող երեխաների առանձնահատկությունների ու նրանց հետ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու ձևերի մասին, մինչդեռ կրթահամալիրում ունեցել էի այդպիսի համադասարանցիներ: Աշխատանքային ոլորտում ինձ երբեք չեմ պատկերացրել երեխաների մեջ, սակայն պրակտիկաների ու որոշ աշխատանքային փորձի արդյունքում եկա այն եզրակացության, որ հենց իրենց եմ ես պետք, իրենց հետ ինձ ավելի լավ եմ զգում:
Լինելով կրթահամալիրի ներառականության մասնագետներից մեկը մասնագիտական աջակցություն եմ ցուցաբերում թե՛ հատուկ կարիքով սովորողներին, թե՛ այն սովորողներին, ովքեր ունենում են հոգեբանական օգնոթւյան կարիքը:

Հոգեբանության գիտելիքները ինձ հնարավորություն են տվել նաև բացահայտել ինքս ինձ: Սկսել եմ ավելի լավ ճանաչել ինձ ու գտել եմ իմ ուժեղ ու թույլ կողմերը: Անձնային առանձնահատկություններ, որոնց մասին այնքան էլ լավ չգիտեի, անգամ ռեսուրսներ, որոնք օգտագործում եմ: Իմ մեջ բացահայտել եմ հոգեբանին հատուկ մի շատ կարևոր հատկություն, որն էլ երևի իմ հոգեբանի մասնագիտությունն ընտրելու պատճառներից մեկն է. Մարդկանց մեջ միշտ կարողանում եմ լավը տեսնել, եթե անգամ ինձ վատ բնութագիր էլ տան, շարունակում եմ տվյալ անձի մեջ տեսնել ու փնտրել լավ որակներ: Դա ինձ իսկապես շատ է օգնում: Սակայն ինչ մասնագետ էլ լինենք, մենք փոխվում ենք. փոխվում են մեր մտքերը, գաղափարները, մտածելակերպը, աշխարհայացքը, ուստի մշտապես ինքնազարգացման, ինքնավերլուծության ու ինքնաբացահայտման կարիք ունենք: